ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ու նիստին ներկա գործընկերներին վստահության համար և նշել, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, որ հաղթահարվեն ներքին և արտաքին մարտահրավերները, որի մասին մանրամասն խոսել է կառավարության այսօրվա նիստում: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին, մաղթել հաջողություններ:
Նա նշել է, որ Կարեն Կարապետյանը, ում շատ լավ է ճանաչում և վստահ է նրա փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա, կշարունակի կառավարության գործունեությունը՝ ամեն ինչ անելով, որպեսզի մեր երկիրը գնա առաջ, տնտեսությունը զարգանա, և ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել հանրապետական իր գործընկերներին, ամբողջ թիմին՝ հանձին ՀՀ նախագահի: